ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՇԵՆԱՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՇԵՆԱՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ
03.12.2010 | 00:00

200 բնակավայրերի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները Ղարաբաղում, հավանաբար, կսկսվեն մինչև տարեվերջ։ Մեր այս ենթադրությունը ոչ թե սին է, այլ հիմնված է կոնկրետ փաստերի վրա։ Մեր տեղեկությունների համաձայն, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը (ԵրՃՇՊՀ) ավարտում է Մարտունու շրջանի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագիծը։
«Նշված նախագիծը շուտով կավարտվի և կհանձնվի շինարարին։ Մարտունու շրջանը կունենա ջրամատակարարման ժամանակակից, արդիականացված համակարգ, որով բնակչությունը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ, ինչի շնորհիվ էլ այս շրջանը, բնակության առումով, կդառնա շատ ավելի գրավիչ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵրՃՇՊՀ-ի պրոռեկտոր ԱՐԻՍՏԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ։ Այլ կերպ ասած, նա հաստատեց մեր տեղեկությունը։ Արդյոք պատահականությո՞ւն է, որ նշված նախագիծն իրականացնում է ԵրՃՇՊՀ-ն։ Երևի թե օրինաչափություն է, քանի որ վերջերս, ԱՄՆ-ում տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնի ժամանակ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, խոսելով հանրապետությունում ջրամատակարարման համակարգի կառուցման մասին, նշեց, որ Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի վերակառուցման և կառուցման նախագծերն ամբողջությամբ իրականացրել և իրականացնում է նշված համալսարանը։ Իսկ շինարարների հավաստմամբ, շինարարության ընթացքում նախագծողը իրենց մենակ չթողեց։ Այլ կերպ ասած, այս աշխատանքները կատարվել են դասական եղանակով` շինարարի և նախագծողի համատեղ ջանքերով։ Այդ աշխատանքների շնորհիվ Ստեփանակերտի բնակչության մի հատվածն այժմ արդեն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Իսկ բնակչության քանի՞ տոկոսը խմելու մշտական ջուր ունի, և կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։ «ՈՒսումնասիրություններն առաջին հերթին սկսեցինք Ստեփանակերտի ջրահավաք ջրաղբյուրներում։ Դրանց հիման վրա մշակեցինք հիմնական արտաքին կառուցվածքները, որոնք ի զորու կլինեն ապահովելու շուրջօրյա խմելու ջուր։ Արտաքին ջրաղբյուրների կառուցվածքների ընտրությունից հետո մշակվեցին քաղաքի ջրամաքրման կայանների հիմնական հանգույցները»,- պարզաբանեց Արիստակ Սարուխանյանը և ընդգծեց, որ այս պահի դրությամբ շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված է Ստեփանակերտի 15 տոկոսը։ Սակայն պետք է նկատենք, որ Ստեփանակերտում ջրամատակարարման համար հիմնական ռեսուրս են մակերևութային ջրաղբյուրները, որոնք խմելու համար պիտանի դարձնելու նպատակով անհրաժեշտ է մաքրել։ Արդյոք այս հարցը լուծվա՞ծ է։ «Այդ նպատակով նախատեսված է մաքրման երկու կայան, որոնցից մեկը վերակառուցվում է, իսկ մյուսը նորակառույց է լինելու։ Ջրի մաքրումը կատարվում է հիմնականում մեխանիկական խառնուրդներից, այնուհետև վնասազերծվում է և տրվում սպառողներին։ Մեզ համար շատ կարևոր էր ընտրել մաքրման համակարգերի պարզ, բայց և արդյունավետ տեխնոլոգիա։ Դրանից ելնելով, ընտրվեց հանքային նյութերի հենքով ստեղծված քամիչների մեթոդը։ Այստեղ կիրառված են նոր նյութեր և մոտեցումներ։ Այդ մաքրման կայանները հուսալի են և կգործեն անխափան»։
Եթե նկատենք, որ Ղարաբաղում ջրամատակարարման համակարգի արդիականացման հարցն Ադրբեջանն անտեսել է դեռևս խորհրդային ժամանակներում, ապա իսկապես դժվար չէ պատկերացնել, թե որքան անմխիթար վիճակում է այն։ Սրանից ելնելով էլ կարելի է եզրակացնել, որ առաջիկայում նախատեսվող աշխատանքները թեթև չեն լինի։ Մասնավորապես, Ստեփանակերտում, մասնագետների գնահատմամբ, ներքին ցանցն ամբողջությամբ քայքայված է, գրեթե գոյություն չունի։ «Հենց այդ պատճառով էլ որոշվեց այն ամբողջությամբ վերակառուցել,- պարզաբանեց մեր զրուցակիցը և մանրամասնեց,- առաջին հերթին քաղաքը բաժանեցինք 13 գոտիների` ելնելով ներքին բաշխիչ ցանցերին ներկայացվող տեխնիկական պահանջներից: Իրականացվեցին 13 գոտիների բաշխիչ ցանցերի նախագծերը։ 2009-ի վերջին կնքվեց պայմանագիրը, սկսվեցին աշխատանքները։ Ամենաբարդն առաջին գոտու կառուցումն էր։ Այնուհետև 2010-ի փետրվարին շահագործման հանձնեցինք 4-րդ և 5-րդ գոտիների, իսկ մայիսին` 7-րդ գոտու ներքին ցանցը։ Այժմ նախատեսվում է հանձնել 6-րդ և 8-րդ գոտիները, որոնք շուրջօրյա ջրամատակարարում կապահովեն քաղաքի բնակչության գրեթե 30 տոկոսին»։ Մակերևութային ջրերի բավարար առկայության պայմաններում, որը տարեկան 6-8 ամիս է, քաղաքի 94 տոկոս ջրամատակարարումը կկատարվի ինքնահոս եղանակով: Ջրասակավ ժամանակաշրջանում, որպես պահուստային ջրաղբյուրներ, նախատեսվում է գործարկել քաղաքի տարածքում գտնվող խորքային հորերը, որոնք կլրացնեն ջրի այն պակասը, որն անհրաժեշտ է քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման համար:
Ի դեպ, Ստեփանակերտում լուծված չէ կենցաղային կեղտաջրերի հեռացման խնդիրը։ Այլ կերպ ասած, կեղտաջրերն ուղղակիորեն լցվում են ձորակներ և հակասանիտարական իրավիճակ առաջացնում շրջակայքի բնակիչների համար։ Ինչ խոսք, սա լուրջ հարց է, որը, ըստ պրոռեկտորի, տեղի իշխանությունների համար թիվ մեկ խնդիրներից է, և այդ նպատակով, ինչպես փաստում է նա, «իրականացրել ենք կեղտաջրերի հեռացման կոլեկտորների կառուցման նախագիծ։ Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ութ ձորակներով կառուցել կոլեկտորներ, որոնցով կենցաղային կեղտաջրերը կհեռացվեն դեպի նախատեսվող շուրջ 10 կիլոմետր երկարությամբ քաղաքի գլխավոր կոլեկտորը։ Այս կոլեկտորով Ստեփանակերտի, հետագայում նաև Շուշի քաղաքի կեղտաջրերը կհեռացվեն քաղաքի սահմաններից դուրս։ Հետագայում նախատեսվում է կոլեկտորը երկարացնել` հասցնելով Ասկերանի շրջան և այնտեղ կառուցել մեկ ընդհանուր մաքրման կայան»։ Հիշեցնենք, որ Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը սկսվեց 2008-ին, երբ տեղի իշխանությունները մրցույթ հայտարարեցին, որի մասնակից հինգ կազմակերպություններից հաղթող ճանաչվեցին ԵրՃՇՊ համալսարանը և «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ն։ Թե որքան ժամանակ կպահանջվի Ղարաբաղում ամբողջությամբ ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար, անիմաստ է հաշվել, քանի որ այն մեկ-երկու տարվա գործ չէ, սակայն այն փաստը, որ Ստեփանակերտում իրականացված աշխատանքների արդյունքում արդեն իսկ բնակչության որոշ հատվածը ստիպված չէ դույլերով ջուր կրել և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած, ասել է թե` համայն հայության աջակցությամբ հայտնի ծրագրի իրագործումը թույլ կտա շենացնել Լեռնային Ղարաբաղը, քանի որ ջուրը կյանք է։ Եվ, ըստ էության, կարելի է ասել, որ առաջին անգամ է, երբ ԼՂՀ-ում այս ոլորտում նման համալիր ծրագիր է իրականացվում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ